Խնձորեսկի Ջիվանը
Ջիվան Գևորգյանին Գորիսում շատերն են ճանաչում՝ և ոչ միայն Գորիսում. նրան գիտեն որպես աշխույժ, իր աշխատանքը սիրող մարդու:

Ջիվանի պապը՝ Ջիվանը, ուրախ մարդ էր․հարսանիքներում, տարբեր միջոցառումների ժամանակ զուռնա էր նվագում երաժշտական խմբում։

Հետո որդին՝ Կարենը շարունակեց հոր գործը, գյուղի տարբեր միջոցառումների ժամանակ նվագում էր, իսկ գրադարանի Սիրվարդն ասմունքում՝ «Ուստա Կարոն փչեց զուռնեն, ու դհոլի ձայնը թնդաց...»։

Կարենը նաև գյուղի մշակույթի տան տնօրենն էր, և հիմնադիրներից մեկը՝ գյուղի թատերական խմբի. վերջինիս բեմադրած բեմադրություններն անշլագ էին:

Այս միջավայրում է ապրել փոքր Ջիվանը, ով բացառիկ ընդունակությունների շնորհիվ չորս տարեկանում երաժշտական դպրոց է ընդունվել, հետո երաժշտական միջին մասնագիտական կրթություն ստացել, և տասնհինգ տարուց ավելի է, աշխատում է սիրած մասնագիտությամբ՝ Խնձորեսկի մշակույթի տան ակումբավարն է:

Նրա նախաձեռնությամբ գյուղում բացվել են երաժշտության և պարի խմբակներ, որտեղ 40 երեխա է հաճախում, ովքեր տոն օրերին հանդես են գալիս համերգներով։

Պատերազմը որոշ ժամանակով ընդմիջեց գյուղի մշակութային կյանքը, որովհետև մշակույթի տան շենքը վերածվել էր զինվորական շտաբի։ «Հիմա նոր թափով աշխատանքներ են սկսվել, երեխաների հետ աշխատում ենք, որպեսզի սահմանամերձ գյուղերում համերգներով շրջագայենք, որպեսզի փոքր ինչ մարդկանց շեղենք, ժպիտներ պարգևենք, հույս»,- ասում է Ջիվան Գևորգյանը: Կազմակերպչական հարցերում նրան օգնում է նաև կինը՝ Նելլին:

2020 թվականին «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում համայնքային նոր նախաձեռնությունների հեղինակների դրամաշնորհներ են հատկացվել, որպեսզի Լեգենդների քայլարշավային արահետում նոր գաղափարներ կյանքի կոչվեն: Հատկացված դրամաշնորհի արդյունքում Ջիվանը գյուղի մշակույթի տանը երեխանների համար ժամանցի կենտրոն է հիմնադրել, որը նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխանների համար առանձին խաղասրահ ունի:

Ասում է, որ ամենից շատ այս աշխարհում սիրում է իր հայրենիքը, իր գյուղը:
Արտերկրից շատ առաջարկներ է ստանում, բայց ուզում է մնալ և գյուղում մշակույթը զարգացնել , խմբերը համալրել և ավելի շատ երիտասարդներ ներգրավել։ Ջիվանի հետագա պլանների մեջ են մտնում երաժշտական նոր գործիքների և մշակույթի տան դահլիճի համար նոր վարագույրների ձեռքբերումը, վերջինս նաև տեխնիկական խնդիր է լուծելու, որովհետև վարագույրներ չունենալու պատճառով կազմակերպած միջոցառումների ժամանակ ձայնը արձագանքում է, աղավաղում երաժշտությունը։

Հիմա տեղացիների և Խնձորեսկի զորամասում ծառայող զինվորների համար կինոդիտումներ է կազմակերպում, գյուղի երեխաների մասնակցությամբ բեմադրություններ պատրաստում։ Նաև Խնձորեսկի մասին հիմն են գրում, որի երաժշտության հեղինակը Ջիվանն է:
Հիմնական աշխատանքից բացի, Ջիվանը երաժշտական խմբով մասնավոր կորպորատիվ միջոցառումների ժամանակ նվագում է՝ ջութակ, դաշնամուր, դհոլ...
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website